Արդյոք Հայաստանի բուհերում սովորելու իմաստ կա՞: Պարզվում է` չկա:
Ի՞նչ պետք է ուսանողը սովորի մի բուհում, որտեղ նորաձև են գրագողությունը, սեփական երեխաներին ալիմենտ չտալու համար կնոջ հետ դատվելը, բանկից շուրջ 40 մլն դրամ վարկ ստանալն ու կեղծ սնանկ ճանաչվելը, 3-4 էջում 146 հատ ուղղագրական և կետադրական սխալ կատարելը, գազանանոցի կրթությունն ու բարքերը:
Ի՞նչ պետք է ուսանողը սովորի մի բուհում, որտեղ ռեկտորը հագուստի խանութից գողություն է կատարում:
Ի՞նչ պետք է ուսանողը սովորի մի բուհում, որտեղ ռեկտորն «ընտրվում» է ոստիկանության ուղիղ միջամտությամբ և ռեկտորի կարգավիճակում թաքուն նկարում է ուսանողներին:
Դրա վերաբերյալ շատ է գրվել: Այժմ չգրվածի մասին:
ՈՒրեմն, Երևանի պետական բժշկական համալսարանում որոշել են վերացնել բոլոր տեսակի զեղչերը: Այսուհետ չեն լինելու գերազանց ուսուցման համար, ինչպես նաև սոցիալական կարգավիճակով պայմանավորված զեղչեր:
Վերացված են արտոնությունները:
Համալսարանի պատասխանատուները բացատրում են, որ ԵՊԲՀ-ի դիպլոմն այլևս միջազգային ճանաչում ունի, հետևաբար` զեղչային համակարգը վերացված է (?):
Իսկ, թե ինչ կապ ունի մեկը մյուսի հետ, վերջիններս բազմաբովանդակ լռում են:
Այժմ եկեք հասկանանք, թե ինչ իմաստ ունի լավ սովորելը, եթե վատ սովորելու դեպքում նույնպես կարելի է ստանալ «միջազգային ճանաչում» ունեցող դիպլոմ:
Եկեք պարզենք նաև, թե ինչպես սոցիալապես անապահով երիտասարդը կարող է բժիշկ դառնալ:
Խնդիրը դիտարկենք այլ տեսանկյունից: Օրինակ, Գերմանիայում բուհական կրթությունն անվճար է: Արդյոք գերմանական բուհ ավարտած բժիշկը չունի՞ «միջազգային ճանաչում» ունեցող դիպլոմ:
Կամ` արդյոք հայաստանյան մնացած բուհերի դիպլոմները բացառապես «ներհայաստանյա՞ն» ճանաչում ունեն:
Իհարկե` ոչ:
Ամենայն հավանականությամբ, ԵՊԲՀ-ում որոշել են օգտվել խառն իրավիճակից և գերշահույթ ստանալ:
Չի բացառվում նաև բանկում չմարված վարկի և չվճարված ու կուտակված ալիմենտի վարկածը:
Այսպես է վերացվում կրթությունը: Հայաստանում սովորելն իմաստազրկվում է:
Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ